«Մուսավատ» ընդդիմադիր կուսակցությունը չի մասնակցի Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին։ Այդ որոշումն ընդունվել է 3 ժամ տևած քննարկումներից հետո։
«Եռաժամ քննարկումից հետո կուսակցությունը որոշում է ընդունել չմասնակցել ընտրություններին»,-ասվում է կուսակցության հայտարարությունում։ Ավելի վաղ ընտրություններում մասնակցությունից հրաժարվել էին ընդդիմադիր Ազգային խորհուրդն ու «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։
Օրերս «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության 6-րդ համագումարը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել էր առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու։ Ընտրությունները նշանակված են ապրիլի 11-ին։
Արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման պատճառ են դարձել միջազգային միջոցառումները, որոնք կհամընկնեն քվեարկության հետ։ Համաձայն սահմանադրության՝ ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերի 17-ին։