Փողերի լվացման մեղադրանքն ինձ ընդհանրապես չի վերաբերում, ինչը ես կարող եմ ապացուցել: ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Էդ մարդու հետ, որ ես խոսել եմ, 170 հազարի գործ ենք արել, թղթի վրա երկուսիս ստորագրություններն էլ կան ու բանկում մուծումները կան, էդ չեկերն էլ Ձեզ մոտ են, գործի մեջ կարված է: Եթե մարդու խոսակցությունները քննիչը պետք է մեկնաբանի, ապա դա ես փաստ չեմ համարում, ես կոնկրետ գործողություններն եմ փաստ համարում: Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության եւ երկրոդ փող չեմ լվացրել: Հարց եմ տալիս, ում հետ ինչ եմ խոսել, կարողա քֆուր եմ տվել, ի՞նչ կապ ունի այս մեղադրանքի հետ»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը՝ դատարանին խնդրեց մանրամասն ծանոթանալ գործում առկա նյութերին: