Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը փետրվարի 8-ին ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում է ունեցել Հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպմանը դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը:
Մամրաևն, իր հերթին, շեշտեց նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց այդ ուղղություններում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև միգրացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցերի»: