«Սա նման է այն բարբարոսությանը, որը թալիբներն արեցին՝ քանդելով Բուդդայի հուշարձանը, նման է այն բարբարոսությանը, որը ԻԼԻՊ-ն արեց՝ քանդելով Սիրիայում Պալմիրան, և մենք այսպիսի բարբարոսությա՞մբ ենք ուզում մտնել ԵՄ-ի հետ համագործակցության նոր պայմանագրի մեջ: Դա՞ է Հայաստանի ապագան», – նշում է Զվարթնոցի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը:
Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց. «Հաճախ մենք խոսում ենք Հայաստանի բրենդների մասին, ու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը բրենդ է՝ աշխարհի կողմից ճանաչված, ճարտարապետական ալբոմներում հայտնի: Դա թողած, մենք ուզում ենք ուրիշ բրենդներ գտնել: Իհարկե, նոր տերմինալը մեծ է, լուսավոր ու ժամանակակից, սակայն հին շենքը մտած է մեր ազգային կուլտուրայի մեջ: Եվ զարմանալի է, որ պետությունն այդքան սառնասրտորեն է վերաբերվում այն փաստին, որ շինությունն ուզում են քանդել: Մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք մեր արմատները»: