Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շարունակում է ճիշտ այնպես, ինչպես նախկին նախագահ Բարաք Օբաման, խաբել սիրիական Մանբիջ շրջանում քուրդ մարտիկների հարցում։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։
«Օբաման խաբել է Թուրքիային Մանբիջում սիրիացի քուրդ մարտիկների հարցում։ Ցավոք սրտի, Թրամփը գնում է նույն ճանապարհով»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն Անկարային ասել է, որ քրդերը «չեն կարող մնալ այնտեղ և կուղևորվեն Եփրատից արևելք»։
«Նա խոստովանել է, որ Մանբիջի իրական տերերն արաբներն են։ Սակայն այն, ինչ նա խոստացել է, չի կատարվել»,-ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ երկրում բազմաթիվ փախստականներ կան Մանբիջից, որոնք երազում են հայրենիք վերադառնալու մասին, և «վաղ թե ուշ Մանբիջը կգտնի իր իրական տերերին»։
Էրդողանի հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի՝ Ստամբուլ կատարելիք պաշտոնական այցի նախաշեմին։ Այցը նախատեսված է առաջիկա հանգստյան օրերին։
Բացի այդ, հաջորդ շաբաթ Անկարա կժամանի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։