Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները և այժմ քննարկում է Վարչական դատավարության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը և հեռարձակումը կատարվելու են դատավարության մասնակիցների երկու կողմերի համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ, այսինքն՝ պետք է լինի երկու կողմերի համաձայնությունը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ նախկին կարգավորման դեպքում հրապարակայնությունը, անաչառությունը առավել պաշտպանված էին:
Նրա խոսքով՝ դատական նիստի տեսանկարահանելը կամ լուսանկարահանելը որևէ կողմնակալություն չի կարող ենթադրել, քանի որ դրանքն ինքնին անաչառ գործընթացներ են: «Դուք փորձում եք հրապարակայնության մոտեցումը խախտել»,- դիմելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց պատգամավորը և հավելեց, որ չի կարծում, որ նրան լրագրողներ են դիմել:
«Ես կարծում եմ, որ ինչպես կառավարության նիստերն եք որոշել դռնփակ անել, այնպես էլ որոշել եք այս դատական նիստերը դռնփակ անել»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: