Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մեկնել է Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաք, որտեղ փետրվարի 9-ին կմեկնարկեն 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը: Ձմեռային մարզաձևերի կարևորագույն փառատոնին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
Ու թեև առաջիկա Օլիմպիադան մեր երկրում մեծ հետաքրքրություն չի առաջացնում, այնուամենայնիվ, վերջին օրերին լայն քննարկում էր ծավալվել մեր մարզիկների՝ Փյոնչհան մեկնելու վերաբերյալ: Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում Գալստյանն ու Միքայելյանը ասել էին, որ ՀԱՕԿ-ը նույնիսկ նորմալ մարզահագուստ չի տրամադրել: Մասնավորապես, Միքայելյանը ցուցադրելով ամառային կիսաթև շապիկներ և շորտեր, հայտարարեց, որ ստացածը Ամառային օլիմպիական խաղերից մնացած հավաքածուն է: «Հագուստը ոչ միայն Ամառային օլիմպիական խաղերից մնացածն է, այլև մեծ է»,- ասել էր դահուկորդը:
ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կիսաթև շապիկներն ու շորտերը նախատեսված են հյուրանոցում և այլ փակ հաստատություններում կրելու համար: «Վստահեցնում եմ, որ մեր մարզիկները երբևէ տեխնիկական խնդիրներ չեն ունեցել: Մասնագիտական գույքը երբեք ՀԱՕԿ-ը անձամբ չի գնում: Ֆեդարցիան գնում է, իսկ ՀԱՕԿ-ը վճարում, որ հետո դժգոհություններ չլինեն»,- նշեց Ռոստոմյանը: Իսկ թե ինչու են հայ օլիմպիականները ցուցադրել հենց ամառային մարզահագուստները, այնքան էլ ընկալելի չէ: Մեր երեք օլիմպիականները նշեցին, որ Փյոնչհան են մեկնում ոչ թե մեդալներ նվաճելու, այլ հաղթանակ տանելու համար: Օրինակ՝ Գալստյանն ասաց, որ լավագույն հիսունյակում տեղ ունենալը մեծ հաջողություն կլինի: Նշենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները երբևէ մեդալ չեն նվաճել:
Մրցանակային տեղերից վերջին 25 տարիներին անմասն են մնացել նաև հարևան բոլոր երկրների մարզիկները, ասել է թե ձմեռային մարզաձևերը մեր տարածաշրջանի համար չեն: Առաջիկա Օլիմպիական խաղերում Ադրբեջանը, որը հսկայական գումարներ է ներդնում սպորտում, կներկայանա ընդամենը մեկ մարզիկով: Հարևան երկիրը Հարավային Կորեայում կներկայացնի լեռնադահուկորդ Բրանխերը, որն ազգությամբ ավստրիացի է: Ըստ էության, Ադրբեջանը Օլմպիական խաղերում մասնակից չունի: Հիշենք, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի դրոշի ներքո Ամառային օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել բազմաթիվ այսպես կոչված լեգեոնականներ: Ակնհայտ է, որ ցանկության դեպքում Ադրբեջանը Փյոնչհանում կնարկայացներ ոչ թե 1, այլ, ասենք՝ 10 արտասահմանցի մարզիկներ, որոնք իրական պայքար կմղեին մեդալների համար: Իսկ մեկ մարզիկ ադրբեջանցիները «վարձակալել» են ձևի համար, որպեսզի երկիրը ներկայացուցիչ ունենա մարզական փառատոնին:
Հարևան Վրաստանը Օլիմպիական խաղերում ներկայացնելու են 4 մարզիկներ, որոնցից սահնակորդ Գեորգի Սողոյանը հայ է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Փաստորեն, մասնակիցների քանակով հայերը գերազանցում են թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին: «Ցավոք, մենք Ձմեռային խաղերին մասնակցում ենք «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Բայց դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մենք չունենք համապատասխան պայմաններ և չունենք մասնագետներ: Այս երկուսի համադրումը բերում է նրան, որ մենք պարզապես մասնակցում ենք խաղերին: Պետք է նշեմ նաև, որ մենք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք վարկանիշով, ինչը նշանակում է, որ մասնակցում ենք մեր վաստակով, ասաց նախարարը: Ռոստոմյանի խոսքերով՝ ձմեռային մարզաձևերի զարգացման համար կարևորը մասնագետների ներգրավվածությունն է: «Պետք է փաստենք, որ չունենք այն մասնագետները, ովքեր կարող են մրցունակ մարզիկների աճեցնել»,-ասաց նա: Ռոստոմյանի հայտարությունը, ինչ խոսք, ընկալելի է:
Պետք է ընդունենք, որ ձմեռային մարզաձևերի վրա ներդրումներ կատարելն այսօր այնքան էլ պատեհ չէ, քանզի այսօր խնդիրներ ունեն նաև հենակետային մարզաձևերը: Միջազգային ասպարեզում մեր երկիրը հաջողության է հասնում մասնավորապես բռնցքամարտում, ըմբշամարտում և ծանրամարտում: Հասարակության կողմից այնքան էլ չի ընկալվի, եթե այս մարզաձևերի հաշվին ավելի մեծ ներդրումներ կատարվեն ձմեռային մարզաձևերի վրա: Իսկապես ցավալի է, որ մեր պետությունը և որոշ անհատներ հնարավորություն ունեն զարգացնելու ընդամենը մի քանի մարձաձևեր: