Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել, սա դասականից շեղում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը նաև ասաց, որ իրենք շատ վաղուց են այս դիրքորոշման, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը նոր է հանդես եկել այդ առաջարկով:
«Մենք այդ նախաձեռնությունն ունեցել ենք վաղուց, առաջ ընկնելու հարց չկա, մեզ համար կարևոր է, որ այս հարցը լուծվի: Իրենք առաջարկում են գնալ համամասնական փակ ցանկերով, այնինչ դա չէ միակ լուծումը: Գործող կարգը, այո, հակաժողովրդավարական է, բայց իրենց առաջարկը համարում ենք ոչ ամբողջական: Մենք ունենք այլ փաթեթ, որտեղ կան միջազգային կառույցների գնահատականները, այն ենթադրում է Ընտրական օրենսգրքի կատարելագործում»,- նշեց նա: