Նիդերլանդների իշխանությունները որոշում են ընդունել իրենց դեսպան Կորնելիս վան Ռիժին Թուրքիայից հետ կանչելու վերաբերյալ, որի թեկնածությանը պաշտոնական Անկարան դեմ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամն առաջացել է անցած տարի։ Նիդերլանդների իշխանությունները 2017 թվականի մարտի 11-ին արգելել էին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը Ռոտերդամում։
Ճգնաժամից հետո Թուրքիան հոլանդական կողմին առաջադրել է մի շարք պայմաններ՝ հարաբերությունների նորմալացման համար, սակայն Ամստերդամը հրաժարվել է։
Նիդերլանդների արտգործնախարար Հալբե Զեյլստրան պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել է, որ երկու երկրները փորձել է կարգավորել հարաբերություններում առկա ճգնաժամը, սակայն բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ «Դադարը հարաբերություններում դեռևս պահպանվում է»,-գրել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 7-ին Նիդերլանդների կառավարությունը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Թուրքիայի փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշին։ Նա մտադիր էր մասնակցել Նիդերլանդներում թուրքական սփյուռքի միջոցառմանը, սակայն նրա այցն Ամստերդամ համարել էին անցանկալի։