«Պատկերացրեք, որ դուք ինչ-որ երկրի քաղաքացի եք և ցանկանում եք ապրանքներ փոխադրել դրա տարածքի սահմաններում։ Եվ պատկերացրեք նաև, որ դրա համար պետք է, չգիտես ինչու, մաքսատուրք վճարել օտար պետության։ Այդ օտարերկրյա մաքսատունն արգելում է նաև երկրի շրջանների միջև մսի և կաթնամթերքի մատակարարումները։ Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանի քաղաքացիների հետ»,-գրում է «Ազատություն ռադիոկայանի» եվրոպական ծառայության (RFERL) տեսաբան Բրայան Ուիթմորը։
Նա հիշեցնում է, թե ինչպես է «Մոսկվան իր օկուպացրած Հարավային Օսիայի խամաճիկների հետ Վրաստանի տարածքում տեղակայել այսպես կոչված «մաքսատուն»՝ Ախալգորի շրջանում»։ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող օսական «իշխանությունն» ասում է, որ դա հարկավոր է «Վրաստանից կատարվող մաքսանենգության» դեմ պայքարի համար։ Ի լրումն այդ ամենի, Ռուսաստանն օկուպացված տարածաշրջան է ուղարկել «սահմանապահների»։
Այդ ամենի պատճառով բաժանարար գծի տարբեր կողմերում ապրող հարազատներն ու ընկերները բախվել են իրական դժվարությունների։ Վրաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ՝ այսպես կոչված «մաքսատունը» ստեղծում է տեղի բնակչության համար մարդասիրական բարդ իրավիճակ՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժի ազատությունն ու խախտելով նրանց իրավունքները։
«Մաքսային ծառայությունն ու սահմանային վերահսկողությունն իրականացվում են տարբեր երկրների միջև։ Մաքսանենգություն չի կարող տեղի ունենալ միևնույն երկրի տարբեր շրջանների միջև։ Ռուսաստանն անօրինական մաքսատուն և սահմանակետ է տեղակայել վրացական տարածքի ներսում»,-նշում է տեսաբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Օսիան ծրագրում է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի մասեր։