ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է առևտրի հարցերով 80-ամյա նախարար Ուիլբուր Ռոսսին՝ հարցականի տակ դնելով նրա մտավոր ունակություններն ու ստորացնելով նրան գործընկերների առջև։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ Թրամփը չափազանց դժգոհ է մնացել վերջին առևտրային համաձայնագրերից, որոնք նախարարը կնքել է Պեկինի հետ։
«Այդ առևտրային գործարքները սարսափելի են։ Առևտրի վերաբերյալ Ձեր ըմբռնումը սարսափելի է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հրապարակավ ստորացրել է Ռոսսին գործընկերների առջև։ Սակայն Սպիտակ տան մամլո ծառայությունում լրագրողներին հայտարարել են, որ Թրամփը «սիրում է Ուիլբուրին»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աննախադեպ հաջող է համարում իր նախագահության առաջին տարին, որը նշանավորվել է տարբեր ոլորտներում հաջողություններով։