Առանց Մայիսյան հերոսամարտերի անկախ պետականություն և Ազգային բանակ ունենալը հայ ժողովրդի համար դժվար կլիներ: Հուվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը:
«Մայիսյան հերոսամարտերը վճռորոշ դեր են կատարել հայ ժողովրդի կյանքում: Հերոսամարտերի առաջին կարևոր խորհուրդն այն է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հաղթանակի ակնկալիքով մի բռունցք դարձավ, համախմբվեց և հաղթեց: Այդ ժամանակ շինականն ու հոգևորականը համատեղ էին գործում, և հաղթական մարտը ցույց տվեց, որ միասնության դեպքում կարող ենք հաղթել ցանկացած թշնամու:
Երկրորդը ազգային բանակ ունենալու խորհուրդն էր, որը խիստ կարևորվում էր: Ազգային բանակի միասնությունը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է»,-ասաց Մինասյանը:
Երրորդ կարևոր խորհուրդը Հայոց պետականության վերականգնման գաղափարն էր: Եթե չլինեին Մայիսյան հաղթանակները, չէր լինի նաև անկախ պետականությունը: «Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթանակ չտանելու դեպքում Առաջին հանրապետությունը չէր ստեղծվի»,-ասաց Մինասյանը:
Պատմաբանի կարծիքով՝ Մայիսյան հերոսամարտերը հայրենասիրական մեծ դաս են, որոնք ոգևորիչ դեր են խաղացել մեր հետագա պատմության կերտման համար: