Հինը պետք է հիմնովին մաքրվի. երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ անդրադառնալով ոստիկանության կադրային փոփոխություններին և ասելով, որ այլևս իմաստ չկա ուժ ու էներգիա ծախսելու նրանց վրա, որոնք չեն փոխվում:
Այս հայտարարության, այսպես ասած, խոսք և գործ հարաբերակցության աստիճանը թողնենք մի կողմ, քանի որ տվյալ պարագայում հայտարարությունը խիստ ուշագրավ է այն առումով, որ հնչում է Հայաստանում չորրորդ նախագահի թեկնածուի այսպես ասած՝ պաշտոնական հռչակմանը զուգահեռ: Երեկ Սերժ Սարգսյանն ըստ էության ներկայացրեց Արմեն Սարգսյանին՝ որպես նախագահի նոր թեկնածու:
Վովա Գասպարյանի հայտարարությունը՝ հնի հիմնովին մաքրման մասին, ըստ էության աննախադեպ հայտարարություն էր: Ոստիկանության համակարգի բարեփոխման մասին նա հայտարարել է բազմաթիվ անգամներ, սակայն հնի հիմնովին մաքրման մասին Վովա Գասպարյանը խոսում է առաջին անգամ, այսինքն՝ հարցերը առաջին անգամ է դնում այդ ռակուրսով, և հենց այստեղ է, որ հետաքրքիր է Արմեն Սարգսյանի հետ զուգահեռը, քանի որ Սարգսյանն էլ ըստ էության վատ մոռացված հնի վերադարձ է Հայաստանի իշխանական համակարգ:
Այսինքն՝ մի կողմից՝ նրա առաջադրումը էլիտայի փոփոխություն է, մյուս կողմից՝ նաև ըստ էության վերադարձ: Այս համատեքստում էլ ուշագրավ է, որ մթնոլորտային առումով առաջին արձագանքը տալիս է ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որը Հայաստանի իշխող համակարգի, իհարկե, բազմափորձ ներկայացուցիչներից է, այսպես ասած՝ բավականին սուր ինտուիցիայով:
Ահա այդ տեսանկյունից էլ Վովա Գասպարյանի հայտարարությունն Արմեն Սարգսյանի առաջադրումից կարճ ժամանակ անց ըստ էության դառնում է կամ կարող է դառնալ իշխող համակարգի համար որոշակի զարգացումների յուրօրինակ ինդիկատոր: Առավել ևս, որ նոր իրավիճակում առանցքային խնդիրներից մեկն էլ ոստիկանության կարգավիճակի հարցն է կամ ոստիկանությանը՝ առանձին, իսկ Վովա Գասպարյանինը՝ առանձին:
Բանն այն է, որ Գասպարյանն այդ իմաստով վաղուց է հայտնվել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի թիրախում: Այս առումով հնի հիմնովին հեռացման մասին իր հայտարարությամբ Գասպարյանն ինչ-որ իմասով նաև մեսիջ է հղում Արմեն Սարգսյանին, որը նախագահի պաշտոնում չունի այլընտրանք, քան իր ամբողջ հնարավորությունն ու ներուժն օգտագործել իշխանական համակարգում հնի փոփոխությանը՝ առնվազն սեփական գործունեության դաշտը հնարավորինս մաքուր պահելու համար:
Ի վերջո, խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանը նաև հին տնտեսական համակարգի խնդիր ունի՝ լինելով նաև տնտեսական շահերի կրող անձնավորություն, և այստեղ ոստիկանապետը գուցե թե տողատակում ուշագրավ առաջարկ է անում Արմեն Սարգսյանին՝ հնից միասին ազատվելու մասով: