ԵՄ-ն արագ արձագանքել է Չինաստանի որոշմանը՝ հրաժարվելու ներկրված պլաստիկե աղբի վերամշակումից։ 12 տարի անց Եվրոպայում մեկանգամյան օգտագործման պլաստիկե փաթեթները կարգելվեն, հայտնում է Phys.org-ը։
Ռազմավարությունն արդեն հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից։ Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսն ասել է. «Պլաստիկան այլևս չպետք է հայտնվի մեր ջրում, մեր սննդում, նույնիսկ մեր մարմնում։ Միակ երկարաժամկետ լուծումը վերամշակման հաշվին թափոնների քանակի սահմանափակումն է»։
Չինաստանը վերամշակել է աշխարհում պլաստիկե աղբի ավելի քան կեսը, այդ թվում մոտ 1.5 մլն տոննան՝ ԵՄ-ից։ ԵՄ-ն փորձել է պայմանավորվել Չինաստանի իշխանությունների հետ մի քանի տարի ժամկետով անցումային փուլի մասին, որպեսզի եվրոպացիները հասցնեն նախապատրաստել սեփական հզորությունները՝ ուրիշի թափոնները վերամշակելու Չինաստանի հրաժարվելուց հետո։ Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։
Եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ նոր ռազմավարությունը ստեղծում է ոչ միայն սահմանափակումներ, այլև բիզնես-հնարավորություններ։ Եվրոպան մտածում է նաև հավելյալ խթանների ուղղությամբ, օրինակ՝ պլաստիկե փաթեթի օգտագործման հարկի։