2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաև՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր լարված մթնոլորտ ստեղծվեց, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ամբաստանյալների համար նաև հանրային պաշտպաններ նշանակել՝ չնայած այն փաստին, որ նրանք արդեն իսկ ունեն պաշտպաններ: Նրանցից Տիգրան Հայրապետյանին վրդովվեցրեց դատախազների այն մեկնաբանությունը, թե այդ կերպ կխուսափեն հետագա խնդիրներից:
«Դա անօրինական պրակտիկա է, որը հիմա փորձում են գործի դնել: Ինչ-որ մեկը ցանկանում է, որ այս նիստերն ամեն գնով շարունակվեն: Դատախազն իր հայտարարությամբ վիրավորեց փաստաբանական համայնքին»,-համոզմունք հայտնեց Տիգրան Հայրապետյանը: