Լուրեր
Սերժ Սարգսյանի չափանիշները նսեմացուցիչ են
  • 20:02
  • 2018-01-17
  • Դիտումներ՝ *

«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, ավելի փոքր պատճառներով էլ է ժողովուրդը փողոց դուրս եկել։ Իշխանությունը մտահոգված է այդ սցենարով՝ թեկուզև եթե ելնենք բարձրաստիճան գործիչների, Սերժ Սարգսյանի հայտարարություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք գնաճի հետ կապված մտահոգությունները կարող են սոցիալական բունտի հիմքեր ստեղծել։

Մեր զրուցակիցը նշում է, որ ժողովուրդը հույսը լիդերի հետ չի կապում, և այսօր ստեղծվել է մի վիճակ, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության նկատմամբ վստահություն չկա։ «Եվ այս հիասթափված վիճակում դժվար է ասել՝ ժողովուրդը փողոց դուրս կգա, թե ոչ»,- ասաց Իգիթյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հաջորդ նախագահը պետք է լինի անկուսակցական, օտար լեզուներ իմացող և նախկինում քաղաքականությամբ չզբաղված մեկը, Հովհաննես Իգիթյանը նշեց. «Նախ եկեք նայենք այդ մոդելը, որի անունը դրել են խորհրդարանական։ Իրականում Հայաստանում ոչ մի կուսակցություն ու խմբակցություն դեր չունի։ Կառավարությունը նախագիծ է բերում և հանկարծ վաթսուն հոգի միահամուռ այդ կոճակը սեղմում են։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց կարծիքը չունեն։ Կառավարությունն էլ սեփական կարծիք չունի։ Մեզ մոտ միայն Սերժ Սարգսյանն ունի անսահմանափակ իշխանություն։ Նախագահին հիմա արդեն անուն են կպցրել՝ նա ունի ներկայացուցչական ֆունկցիա, Սերժ Սարգսյանի ներկայացրած չափանիշները նսեմացնում են այդ պաշտոնը։ Ես կցանկանայի, որ ժողովուրդը ընտրեր առաջին դեմքին, ուղիղ ընտրությամբ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

  • Դիտումներ՝ *