Անգլիական լրատվամիջոցների, ինչպես նաև ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ ծավալված զարգացումները։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների Սանչեսն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրի շուրջ եկել են համաձայնության և հիմա ամեն ինչ կախված է Հենրիխ Մխիթարյանից։
«Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ» չի տեղափոխվի այնքան ժամանակ մինչև Մխիթարյանը որոշում չկայացնի և «Արսենալի» հետ չհամաձայնեցնի պայմանագրի բոլոր կետերը»,- երեկ հայտարարել էր Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Վերջինս նշել էր, որ հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն Լոնդոն հավանական է: «Սանչեսը գործարքի մի մասն է: Մխիթարյանը դեռ 2․5 տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և վերջին խոսքը հենց հայ ֆուտբոլիստինն է: Վստահ եղեք, որ Մխիթարյանը կկայացնի այնպիսի որոշում, որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար»,- նշել էր Ռայոլան:
Առաջին հայացքից թվում է, թե այս հայտարարության գլխավոր բաղադրիչը՝ Ռայոլայի կողմից Մխիթարյանի «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին տեղակությունների հաստատումն էր։ Սակայն իրավիճակը սթափ գնահատելու պարագայում կհամոզվենք, որ Ռայոլայի հայտարարությունը Մխիթարյանի վերաբերյալ բոլորովին այլ նպատակ էր հետապնդում։ Ռայոլան ֆուտբոլային հասարակությանը փորձեց ցույց տալ, որ իր ֆուտբոլիստը՝ սպասվող գործարքում ամենևին էլ մասնիկի կարգավիճակում չէ։ Ռայոլան շեշտեց, որ Մխիթարյանը կարևոր ֆիգուրներից է Պրեմիեր լիգայում։ Բրիտանական մամուլում արդեն իսկ տեղակություններ կան, որ «Յունայթեդը» «Ասրենալին» է վճարելու 55 միլիոն ֆունտ գումարած Մխիթարյանի տրանսֆերը։ Ստացվում է, որ սպասվող գործարքում՝ Մխիթարյանի տրանսֆերը լինելու է կոպիտ ասած որպես Սանչեսի տրանսֆերի կցորդ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերի համար սահմանել է 35 միլիոն ֆունտ արժեքը։ Բնականան է, որ ոչ մի ֆուտբոլիստի համար այնքան էլ պատվաբեր չէ լինել տրանսֆերային գործարքի մի մասնիկը։ Մխիթարյանը դեռևս որոշում չի կայացրել։ Մեր ֆուտբոլիստը կանգնած է բավական ծանր ընտրության առաջ։ Ինչպես նշել էր Ռայոլան, Մխիթարյանը դեռ 2․5 տարվա պայմանագիր ունի «Յունայթեդի» հետ և կարող է հեշտ ու հանգիստ վիժեցնել գործարքի կայացումը։ Այս դեպքում սակայն մեր ֆուտբոլիստը կարող է վերջնականապես հայտնվել Մոուրինյոյի, ինչպես նաև ակումբի ղեկավարության սև ցուցակում։
Մնալով «Յունայթեդում» Մխիթարյանն ըստ էության կխառնի Մոուրինյոյի ծրագրերը։ Պորտուգալացի մասնագետը նախօրեին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են պայքարել Սանչեսի համար՝ չթաքցնելով համակրանքը չիլիացի ֆուտբոլիստի հանդեպ։ Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ որպես Սանչեսի տրանսֆերի փոխհատուցում Մխիթարյանին պահանջել էր լոնդոնյկան ակումբը և մասնավորապես ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը։ Հայտնվելով «Արսենալում»՝ մեր ֆուտբոլիստի առաջ նոր դռներ կբացվեն։ Ընդունենք, որ Վենգերի նախընտրած խաղաոճը շատ ավելի հարմար կլինի Մխիթարյանի համար։ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալը» 6-րդ հորիզոնականում է և պայքար է մղում լավագույն քառյակում հայտնվելու համար։ Կարծում ենք Մխիթարյանը կարող է ուժեղացնել լոնդոնյան ակումբը և օգնել հասնելու նպատակին։ Առկա իրավիճակում կարծում ենք շատ ավելի ճիշտ կլինի Մխիթարյանի «Արսենալի» շարքերը համալրելը։
Վենգերն այն բացառիկ մասնագետներից է, որը պայմաններ և հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլիստների համար դրսևորվելու։ Մնալով «Յունայթեդում» և չունենալով տեղ թիմի հիմնական կազմում Մխիթարյանը կարող է հայտնվել ստվերում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընացքում շատ հնարավոր է, որ «Արսենալի» կալիբրի թիմեր այլևս չցանկանան ձեռ բերել մեր ֆուտբոլիստի տրանսֆեր։ Ռայոլայի հայտարարությունից հետո կարծում ենք Մխիթարյանի Լոնդոն տեղափոխվելն ավելի հավանական դարձավ: «Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- երեկ թվիթերյան իր էջում գրել էր ֆրանսահայ մարզական մեկնաբան Վիբո Վեզիրյանը։
Սպասվում է, որ այսօր կամ վաղը կողմերը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։