Թուրքիան կարող է ընդլայնել իր գործողությունները Սիրիայի հյուսիսում մինչև Մանբի քաղաք և Եփրատ գետից արևելք ընկած տարածքներ այն բանից հետո, երբ Աֆրինը մաքրվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վանկուվերում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի նախազգուշական միջոցառումներն ընդդեմ YPG/PKK-ի չեն կարող սահմանափակվել միայն Աֆրինով։
Չավուշօղլուն հավելել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում սահմանային պաշտպանություն ստեղծելու ԱՄՆ-ի պլանները վնաս կհասցնեն թուրք-ամերիկյան կապերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ռազմական գործողություններն Աֆրինում ընդդեմ PYD-ի և YPG-ի կսկսվեն շատ շուտով։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի ԶՈւ-ն լիովին կոչնչացնի PYD-ին ու YPG-ին։
Նա նաև նշել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային սկսելու այդ գործողությունները։