Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վանաձորցի կինը հանուն ժառանգության եղբոր կնոջն ու նրա հորը 10 հազար դոլարով սպանելու պատվեր է տվել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Սուսաննա Պապոյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

53-ամյա Սուսաննային մեղադրանք էր առաջադրված շահադիտական դրդումներով իր հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը պատվիրելու, սպանության դրդելու, սպանության նախապատրաստական գործողություններ կատարելու՝ հանցակիցներ հավաքագրելու, նրանց նյութապես շահագրգռելու, ենթադրվող հանցագործության կատարման վայրը, տուժողների բնակության վայրը մատնացույց անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Պապոյանն իր հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինեի ու վերջինիս հոր՝ Հրանտի կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատճառված վնասի հատուցում 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված 27 միլիոն 937 հազար դրամի հայցը բավարարելու դեպքում նշված գումարի չափով գույքային պարտականությունները չկատարելու, նյութական ծախսերից խուսափելու շարժառիթով որոշել է սպանել 39-ամյա Լուսինեին ու 76-ամյա Հրանտին:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար հանցակիցներ հավաքագրելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Փարաքարում գտնվող «Նիկո» ռեստորանային համալիրում իր նախաձեռնությամբ կազմակերպել է հանդիպում իր ազգական Արմենի ու վերջինիս ընկեր Ավետիսի հետ:

Սուսաննան նրանց պատվիրել է կազմակերպել ու իրականացնել Լուսինեի ու Հրանտի սպանությունը՝ խոստանալով յուրաքանչյուր սպանվածի համար վճարել 5 հազար դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան առաջարկել է սպանությունը կատարել տուժողներին խեղդամահ անելու կամ բարձրությունից ցած գցելու եղանակով՝ խնդրելով դա իրագործել այն ժամանակ, երբ ինքը Հայաստանից կմեկնի Հունաստան:

Սպանությունների կազմակերպման կապակցությամբ 2015 թվականի հունվարին Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում Սուսաննան, ըստ մեղադրանքի, մեկ անգամ էլ է հանդիպել Արմենի ու Ավետիսի հետ, ստացել է պատվերը կատարելու համաձայնություն: Սուսաննան ասել է, թե ցույց կտա Լուսինեի ու Հրանտի բնակության վայրը, նրանց լուսանկարները:

Հաջորդ օրը Սուսաննան Արմենի ու Ավետիսի հետ, Արմենի վարած «Օպել» մեքենայով մեկնել է Վանաձոր: Ցույց է տվել, թե որտեղ են ապրում Լուսինեն ու նրա հայր Հրանտը:

Սուսաննա Պապոյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնել չի կարողացել, որովհետև, ըստ մեղադրանքի, Արմենն ու Ավետիսը կամովին հրաժարվել են նրա պատվերը կատարելուց:

2015 թվականի հունվարի 22-ին Արմենը նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել՝ դրանով դադարեցնելով հանցանք կատարելուն ուղղված նախապատրաստական գործողությունները:

Ամբաստանյալ Սուսաննա Պապոյանը նախաքննության ընթացքում և դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը թշնամություն չունի հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր նկատմամբ, որևէ նախապատրաստական գործողություն չի կատարել՝ նրանց սպանությունը կազմակերպելու ուղղությամբ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, վերաքննիչ դատարանում քաղաքացիական գործ է քննվել շուրջ երեք-չորս տարի՝ կապված իր հայրական տան հետ, բայց դա պատճառ չէր, որ ինքը մարդկանց սպանելու պատվեր տար:

Ինքը Արմենին ճանաչել է որպես տաքսու վարորդի, ով նաև իրենց հեռավոր բարեկամն էր: Նրա տաքսիով մի քանի անգամ գնացել է Վանաձորի դատարան, Երևանում՝ վերաքննիչ դատարան: Դա եղել է 2014 թվականի աշնանից մինչև 2015 թվականի գարուն: Դրանից հետո Արմենի հետ չի շփվել: Մի անգամ Արմենը իր տուն է բերել իր հարազատ քրոջը, փորձել է հաշտեցնել իրենց՝ իրենք անհաշտ էին ֆինանսական խնդիրների պատճառով:

Մի անգամ էլ ինքը Արմենին տեսել է մի տղամարդու հետ: Հերթական դատական նիստից հետո գնացել են երեքով խաշ ուտելու:

Դատարանում Սուսաննան ասել է, թե Արմենի հետ խոսել է Լուսինեին ու Հրանտին վնասելու, նույնիսկ սպանելու մասին, բայց իրականում նման մտադրություն չի ունեցել: Պատահել է՝ պահի տակ չարացած է եղել նրանց հանդեպ, քանի որ իրեն ժառանգությունից մեկուսացնելու նպատակով իր դեմ սուտ ցուցմունքներ էին տվել, ինքը մի քանի ամիս նախնական կալանքի տակ է գտնվել: Հետո արդարացվել է: Այնուհետև Լուսինեն ու նրա հայրը անհիմն հայց են ներկայացրել իր դեմ: Միջնորդել են կալանք դնել իր գույքի վրա: Դա խանգարել է իրեն՝ ինքը ցանկանում էր Երևանի իր բնակարանը վաճառել ու իր անչափահաս երեխայի հետ մշտական բնակության մեկնել Հունաստան…

Արմենն է իրեն առաջարկել հաշվեհարդար տեսնել Լուսինեի ու Հրանտի հետ: Նա իրեն համոզել է, որ փողի դիմաց ամեն ինչ կանի: Արմենը միշտ բողոքում էր իր նյութական վիճակից: Նրա պատկերացմամբ ինքը շատ ապահովված էր: Ինքը միշտ փոխել է խոսակցության թեման, երբ Արմենն առաջարկում էր փողի դիմաց սպանել Լուսինեին ու Հրանտին: Պատահել է՝ ինքը Արմենին «հակընդդեմ պարզաբանող» հարցեր է տվել՝ ինչպե՞ս սպանել, ո՞ւմ միջոցով, ի՞նչ կարժենա: Բայց հետո ասել է, որ ինքը գումար չունի, տվել է անորորշ պատասխաններ: Ինքը պարզապես «հարցրել է՝ հարցնելու համար», միշտ «ցրել է» այդ թեմայով խոսակցությունները:

2014 թվականի դեկտեմբերին կամ 2015 թվականի հունվարին Արմենն Ավետիսի հետ եկել է իր երևանյան բնակարան, խնդրել է, որ ինքն իջնի՝ մեքենայի մեջ խոսեն: Ավոն գումար է պահանջել՝ 10 հազար դրամ՝ Լուսինեին ու Հրանտին վնասելու համար: Ինքը մերժել է, ասել է՝ պետք չի նման բան անել: Այդ ժամանակ Արմենն ու Ավետիսն իրենից 5 հազար դոլար են պահանջել: Ինքը դա էլ է մերժել: Նրանք ասել են, թե խոսակցությունը ձայնագրել են, եթե ինքը փող չտա, վատ կլինի: Ասել են, թե մյուս կողմից փող կվերցնեն այդ ձայնագրության համար: Ինքն ասել է, որ անիմաստ խաղ է, ու գնացել է տուն:

Դրանից հետո Ավետիսին չի հանդիպել, Արմենի հետ երկու անգամ գնացել է Վանաձոր՝ դատական նիստերի հետ կապված: Ինքը Լուսինեի ու Հրանտի բնակարանները ցույց չի տվել: Արմենը ոստիկանների հանձնարարությամբ իր «գլխին սարքել է»:

Սուսաննան պնդել է, թե սպանության առաջարկ անողը եղել է Արմենը, «նա վիժվածք է», ասել է՝ գումար է պետք, լաց է եղել… Ինքը մերժել է, ինքը մեղավոր չէ, հանցանք չի գործել, դատարանից ակնկալում է, որ իրեն մեղավոր չճանաչի…

Տուժող Հրանտը հայտնել է, որ դուստրը՝ Լուսինեն, 2000 թվականին ամուսնացել է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում դուստր է ունեցել:

2001 թվականին Լուսինեի ամուսնուն, որ տարադրամի փոխանակությամբ էր զբաղվում, սպանել են: Լուսինեն շարունակել է ամուսնու ծնողների հետ ապրել նրանց բնակարանում: Վերջիններիս մահից հետո դստեր ամուսնու քույր Սուսաննան վեճի մեջ է մտել իրենց հետ՝ այդ բնակարանի ժառանգության վերաբերյալ: Մինչև օրս քաղաքացիական գործեր են քննվում, ինքը Լուսինեի ներկայացուցիչն է հանդիսանում: Սուսաննա Պապոյանը բազմիցս է սպառնացել, որ սպանելու է իր դստերը, թոռնուհուն, քանի որ իրենք 27միլիոն դրամի հայց են ներկայացրել նրան՝ բնակարանի գույքն օտարելու պատճառով:

Հրանտը հայտնել է, թե դեպքի հետ կապված՝ ձեռք է բերել հիվանդություններ, ինսուլտ է տարել: Պահանջում է, որ Սուսաննան խստագույնս պատժվի: «Նրա տեղը կալանավայրում է… Նա չի ուղղվել ու չի ուղղվելու… Նա դաժան է, նախանձ… Մարդ չէ, չարիք է հասարակության համար…»:

Տուժող Լուսինեն հայտնել է, որ ինքը տեղյակ է՝ Սուսաննան ծանոթին բերել է Վանաձոր, ցույց է տվել իրենց տան տեղը: Սուսաննան միշտ լարված է եղել իրենց հետ, անվանել է «սոված շներ», նա սրբություն չի ճանաչել, ինքը ստիպված դուրս է եկել ամուսնու բնակարանից: Սկեսուրը կտակ է գրել հօգուտ թոռնուհու: Դատական ակտերով երեխայի իրավունքը պահպանվել է: Ինքը մազապուրծ փախել է այդ բնակարանից, գույքը թողել է, Սուսաննան ամբողջ գույքը ծախել, ավերել է… Նրա թշնամանքն ակնհայտ էր, զանգել ու իրեն ասել է, թե սպանելու է, մորթելու է: Հիմա, որ Սուսաննան բռնված է, նոր ապահով է զգում երեխայի համար, երեխան էլ հարցնում է՝ բա որ դո՞ւրս գա…

Սուսաննան իրենից տունն էր ուզում, ամբողջն էր ուզում, նա բնակարան ունի Երևանում, Վանաձորում… Ինքը դատարանից ակնկալում է ապահովություն իր երեխայի համար, խստություն՝ ամբաստանյալի համար…

Վկա Արմենը հայտնել է, թե Սուսաննա Պապոյանն իր ազգականն է: Նա դիմել էր իրեն՝ ասելով, որ հարթի քրոջ հետ ունեցած ֆինանսական տարաձայնությունները : Դրանից հետո նա իրեն զանգել է 2014 թվականի դեկտեմբերի վերջերին: Ինքը հանդիպման է գնացել ընկերոջ՝ Ավետիսի հետ: Վերաքննիչ դատարանի մոտ Սուսաննան ցույց է տվել մոտ 70 տարեկան մի տղամարդու և ասել է. «Էս տականքն ա ինձ դատի տվել»: Նա ասել է, թե հանգուցյալ եղբոր կինն ու նրա հայրը իրեն դատի են տվել, որ տունը ձեռքից խլեն: Ինքը, Ավետիսն ու Սուսաննան գնացել են խաշ ուտելու: Սուսաննան հարցրել է՝ մարդ կա՞, որ կարող է սպանել եղբոր կնոջն ու նրա հորը: Նա Ավետիսին ասել է. «Կռված տղա ես, ծանոթներ կունենաս»: Ավետիսն ասել է, թե էդպիսի ծանոթներ չունի, բայց երբ Սուսաննան գնացել է զուգարան, Ավետիսն ասել է» «Թող սրան խոսցնեմ, տենամ ի՞նչ ա ուզում»:

Երբ Սուսաննան եկել է, Ավետիսն ասել է, թե հնարավոր է սպանություններ կատարող լինի՝ դրսից մարդ պիտի գա: Սուսաննան ասել է, թե ամեն սպանվողի համար պատրաստ է վճարել 5 հազար դոլար: Բայց սպանությունը ոչ թե զենքով պիտի կատարվի, այլ կամ պիտի խեղդեն նրանց կամ բարձր տեղից ցած գցեն: Եվ դա պետք է անել այն ժամանակ, երբ ինքը կմեկնի Հունաստան: Պայմանավորվել են, որ Ավետիսը մարդ գտնի…

2015 թվականի հունվարի սկզբին Սուսաննան զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել: Գնացել են Ջրվեժի «Անուշիկ» ռեստորան: Ավետիսն ասել է, որ «դրսից» մարդ է եկել, պետք է, որ Սուսաննան ցույց տա տուժողների լուսանկարները, բնակության վայրերը: Պայմանավորվել են հաջորդ օրը մեկնել Վանաձոր: Մեկնել են: Սուսաննան ցույց է տվել կողք կողքի երկու շենք, ասել է, թե մի շենքում Հրանտն է ապրում, մյուսում՝ Լուսինեն: Երկու օր հետո Սուսաննան իրեն կանչել է «Վստրեչ» կամրջի մոտ, բայց հանդիպման չի եկել: Իրենք բարձրացել են նրա տուն: Սուսաննան խառնված հարցրել է՝ սպանե՞լ են: Հետո իջել, նստել են մեքենա: Ավետիսը հարցրել է՝ Սուսաննան պատրա՞ստ է գումարի մի մասը տալ սպանությունից առաջ՝ «գլխանց»: Սուսաննան ասել է. «Չէ, մինչև գերեզմանները չտենամ, փող չեմ տա»:

Հասկանալով, որ Սուսաննայի մտադրությունն իրական է, իրենք որոշել են դիմել ոստիկանություն… Դրանից հետո Սուսաննան էլի է զանգել, ցանկացել է հանդիպել, բայց ինքը խուսափել է… Ինքը արդարացի է եղել, թշնամություն չի արել: Եթե ոստիկանություն չհայտնեին, Սուսաննան կարող էր ուրիշի դիմել, մարդկանց կարող էին սպանել, ինքն իր պարտքն է կատարել՝ սպանության պատվերի մասին հայտնելով…

Ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Պապոյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Սուսաննա Պպոյանի շահերի պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը՝ փաստաբան Հրանտ Անանյանը, սկսեց իր բողոքի հիմնավորումները:

Պաշտպանը իր պաշտպանյալի համար արդարացում է պահանջում ոչ թե մեկ, այլ՝ երեք հիմքով՝ ապացույցների անբավարարություն, հանցակազմի բացակայություն և՝ հանցավոր մտադրությունից կամովին հրաժարում:

Վերջին պահանջը հիմնված է այն հանգամանքի վրա, որ քրեական գործով սպանության պատվերը կատարողներին Սուսաննան վերջում ասել է, թե ոչինչ պետք չէ անել: Նա գումար չի տվել, անընդհատ փոխել է «քիլլերների» բացած խոսակցությունների թեման՝ չցանկանալով խոսել սպանության կատարման մասին:

Պաշտպանը նշեց, որ գործով վկայի կարգավիճակ ունեցող Արմենն է «հղացել» պատվերով սպանության միտքը՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել Սուսաննա Պապոյանի գումարները՝ ենթադրելով, որ Սուսաննան մեծ գումարներ ունի:

Արմենն իմացել է, որ Սուսաննան դատարաններում քաղաքացիական գործերի քննության է ներկայանում, որ հանգուցյալ եղբոր կինն ու նրա հայրը Սուսաննայի հետ ունեցվածքային հարցեր են վիճարկում, ցանկացել է այդ հանգամանքն օգտագործել՝ Սուսաննայից գումարներ հափշտակելու համար:

Պաշտպանը նշեց, որ Արմենը նախկինում դատվածություններ ունի: Նա որպես իր «գործընկեր»՝ Սուսաննա Պապոյանին ներկայացրել է ընկերոջը՝ Ավետիսին՝ Սուսաննային արված իր առաջարկը ավելի համոզիչ ցույց տալու համար: Իսկ երբ չի կարողացել խարդախությամբ Սուսաննայից գումարներ հափշտակել, դիմել է ծանոթ ոստիկաններին՝ մտադիր լինելով շորթման միջոցով Սուսաննայից գումարներ հափշտակել: Բայց Արմենը, ըստ պաշտպանի, ընթացքում դարձել է իրավապահների «գործիքն» ու «կամակատարը»: Նա «չափազանց մեծ ակտիվությամբ» սկսել է ձայնագրել Սուսաննայի հետ խոսակցությունները, անընդհատ առաջ է քաշել սպանություն պատվիրելու թեմա, մինչդեռ Սուսաննան նրան ոչ մի առաջարկ չի արել, անընդհատ ցանկացել է փոխել խոսակցությունների թեման, նա որևէ գումար չի տվել Արմենին, ցույց չի տվել գործով տուժող ճանաչվածների լուսանկարները, տան տեղը: Վերջին խոսակցություններից մեկի ժամանակ ասել է, որ ոչինչ պետք չէ անել… Այսինքն, ըստ պաշտպանի, եթե անգամ վերաքննիչ դատարանը ապացուցված համարի, որ Սուսաննա Պապոյանը պատվիրել է երկու մարդու սպանություն, դրան նախապատրաստվելու դրդչություն է կատարել, ապա հենց ինքն էլ կամովին հրաժարվել է, որևէ կոնկրետ գործողություն չի կատարել:

Պաշտպանը նաև վերաքննիչ դատարանին ներկայացրեց քաղաքացիական գործով՝ Սուսաննա Պապոյանի դեմ ներկայացված հայցի քննության գործով դատական նիստերի օրերը, նշեց, որ այդ քաղաքացիական գործի քննության նիստերի վերաբերյալ Սուսաննա Պապոյանին դատարանը ծանուցել է սխալ հասցեով, Սուսաննա Պապոյանը չի իմացել, որ իր դեմ հայց է քննվում, հետևաբար՝ նա մեղադրական եզրակացության մեջ հիշատակված 27 միլիոն դրամի պատճառով մարդկանց սպանելու պատճառներ չուներ, քանի որ շատ ուշ է իմացել իր դեմ այդ չափի քաղհայց ներկայացված լինելու մասին, ավելի ուշ՝ քան, ըստ քրեական գործի, նա սպանության պատվեր է տվել Արմենին… Ի վերջո, այդ հայցը դատարանները մերժել են, դա անհիմն շարժառիթ է, որ վարույթ իրականացնող մարմինը դրել է իբր՝ երկու մարդու սպանություն պատվիրելու հիմքում…

Պաշտպան Հ. Անանյանի վերաքննիչ բողոքը բավական ծավալուն էր, այս դատական նիստին նա չհասցրեց ամբողջ բողոքը ներկայացնել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում