Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի «Ելք» դաշինքի՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման դեմ բողոքի երթին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ իրենք նախընտրում են մասնակցել գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որը հրավիրվել է Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի առաջարկով: «Եթե այսօր մենք ունենք հնարավորություն Ազգային ժողովում այդ հարցը քննարկել, երբ բոլոր խմբակցությունները, կուսակցությունները իրենց կարծիքները արտահայտելու հնարավորություն կստանան, ինչո՞ւ պետք է չօգտվենք այդ հնարավորությունից»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: