ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտահերթ նիստ:
Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել վիճակախաղի կազմակերպիչների կողմից 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից 21 տարեկանը չլրացած անձանց դրանց մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ հրապարակումները: «Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանք 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքով՝ 200.000 դրամի չափով:
Փաթեթով առաջարկվում է առաջին իրավախախտման համար սահմանել երկու միլիոն դրամ, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, երրորդ դեպքի համար տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտում թույլ տալու դեպքում կդադարեցվի տվյալ ընկերության լիցենզիան: Նիստում պատգամավոր Վահան Հարությունյանի գրավոր առաջարկով թույլատրելի տարիքային շեմ է սահմանվել 21 տարեկանը: