«Շատ ցավալի իրողություն է, առանց այն էլ այնպես չէ, որ Հայաստանի հեղինակությունը շատ բարձր է։ Ըստ էության ինքն իր ոտքով, ձեռքով բացահայտում է այն սխեմաները, որ, ցավոք, առկա է նախկին խորհրդային երկրներում՝ երբ կրիմինալի, օլիգարխիայի ներկայացուցիչները շատ սերտ կապեր ունեն դիվանագիտական առաքելությունների հետ, և դրա քողի տակ ծածկում են իրենց բիզնեսները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) սկանդալային հարցազրույցին, նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ կարևոր է նաև այն փաստը, որ այդ դիվանագիտական անձնագիրը տրվում է ՀՀ նախագահի կողմից։ «Կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ ձգտում են որևէ դիվանագիտական առաքելություն իրականացնել տարբեր երկրներում, իսկ այստեղ, փաստորեն, կասկածելի հեղինակությամբ մարդը նման անձնագիր է ստանում։ Գուցե քրեական աշխարհում նա շատ բարձր հեղինակություն ունի, բայց դիվանագիտության ոլորտի համար ցավալի է։ Փաստորեն իրենց համար միևնույն է՝ ում են տալիս դիվանագիտական անձնագիր։ Կարևոր է փաստել, որ այդ պարոնն ինքն է գնում հարցազրույցի։ Ակնհայտ է, որ նա մեծ դժկամությամբ է պատասխանում հարցերին, բայց պետք է պատասխանի»,- ասաց փորձագետը։
Գևորգ Մելիքյանը նաև նշում է՝ Ռուբեն Թաթուլյանի դիվանագիտական անձնագիրը հետ ուզելը մինիմումն է. «Ամբողջ դիվանագիտական համակարգը պետք է մաքրվի նման մարդկանցից։ Այստեղ Երևանում էլ շատ մարդիկ շրջում են դիվանագիտական համարանիշներով, ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ դիվանագետներ են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։