Իրանում իրավիճակը դեռևս լարված է, թեև վերջին օրերի ցույցերը կարծես թե աստիճանաբար հանդարտվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նա Իրանում իրավիճակը ճգնաժամային որակեց նաև քաղաքական առումով և շեշտեց, թե Իրանի իշխանություններն այսօր կանգնած են բարդ մարտահրավերների առաջ:
«Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ասեմ, որ կա 20 զոհ, ձերբակալվածների թիվը, ըստ Իրանի պաշտոնական տվյալների, 3700 է: Սակայն ձերբակալվածների թիվն այստեղ ճշգրիտ չէ, քանի որ անվտանգության տարբեր ուժերի կողմից էլ կան ձերբակալվածներ, ավելին՝ իրար հակասում են տարբեր գերատեսչությունների ներկայացրած տվյալները: Ուսանողներ կան ձերբակալվածների թվում՝ 200 հոգի տարբեր համալսարաններից»,- ասաց նա: