Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը համոզված է, որ Լարսի ճանապարհին այլընտրանք չկա: Նրա խոսքերով՝ Հայաստանի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների առյուծի մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին և առավելապես Ռուսաստանին, և Երևանից Մոսկվա տանող ամենակարճ ճանապարհը հենց Լարսն է, մնացած բոլոր ճանապարհներն ավելի երկար են։
«Ես Լարսի այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ շուրջ 6 տարբերակ եմ լսել, որ առաջարկում են տարբեր պաշտոնյաներ՝ երկաթուղային, ավիացիոն, լաստանավային, լսել եմ նաև, որ իբրև ճանապարհները սարքելուց հետո կարելի է նաև Դաղստանի կողքով գնալ Ռուսաստան, ինչպես նաև այդ ուղղությամբ տանող թունել կառուցել և այլն և այլն։ Եթե մասնավորապես դիտարկենք թունելը, ապա ես դրա հետ կապված խիստ կասկածներ ունեմ․ ո՞վ է այդ թունելը կառուցելու, նման թունել կառուցելու համար մոտ երկու կամ երեք միլիարդ դոլար գումար է անհրաժեշտ, իսկ ո՞վ է մեզ այդ փողը տալու, ես այդպիսի ներդրողներ այսօր չեմ տեսնում, հաջորդը՝ ասում են լաստանավային փոխադրում․ դա շատ լավ է, ես դրական եմ գնահատում և շատ ցանկալի կլինի, որ Հայաստանն ունենա իր սեփական լաստանավը, բայց դրա հետ կապված մի օրինակ ներկայացնեմ․ 2017թ-ի փետրվարին շատ ուժեղ ձյան պատճառով մենք 10 օր կանգնեցինք Լարսում և կային նաև լաստանավով գնացող մեքենաներ, որոնք ևս մեզ հետ ուղիղ 10 օր կանգնած են մնացել՝ եղանակային պայմանների պատճառով․ բա այս դեպքում ի՞նչ տարբերություն՝ ձյան վրա էր կանգնած, թե ջրի մեջ , արդյունքում բեռը տեղ չէր հասնում, այսինքն՝ լաստանավն էլ 100 տոկոսանոց այլընտրանքային լուծում չէ։
Մեզ համար միակ հարմար, ամենացանկալի , ամենակարճ և օգտակար տարբերակը կլինի Հարավային Օսեթիայով ճանապարհը, բայց, եթե, իհարկե, այն բացվի․ դա մեզ համար ուղղակի հրաշք կլինի, հիանալի հնարավորություն կլինի, որ մենք կարողանանք Լարսի ֆորս-մաժորների ժամանակ օգտվել հենց այդ ճանապարհից, բայց այստեղ էլ բոլորս շատ լավ գիտենք, որ կա քաղաքական մեծ խնդիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հերբերտ Համբարձումյանը։
Այս համատեքստում, սակայն, վերջինս նկատեց, որ, եթե Ռուսաստանն ու Վրաստանը կարողանան լուծել քաղաքական այդ խնդիրը և բարի կամք դրսևորեն, ապա դա Հայաստանի բեռնափոխադրողների համար կլինի հիանալի հնարավորություն, հիանալի օգնություն։
«Իմ տեղեկություններով Վրաստանը համաձայն է դրան միայն այն դեպքում, այն պայմանով, եթե Օսեթիայի կնիք չլինի դրված ոչ մի բեռնատարի և ոչ մի փաստաթղթի տակ»,-նշեց Համբարձումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։