Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում բարեփոխումները միջին վիճակագրական հեռանկարում թույլ կտան հասցնել երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը 50 միլիոնի, իսկ ոլորտից ստացվող եկամուտները՝ տարեկան 50 մլրդ դոլարի։ Այս մասին ասել է Թուրքիայի զբոսաշրջային ներդրողների ասոցացիայի (TTYD) ղեկավար Օյա Նարինը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հաջողությունները զբոսաշրջային ոլորտում թույլ կտան վերացնել ընթացիկ հաշվի դեֆիցիտը, ինչը հանդիսանում է երկրի կայուն զարգացման հիմնական խոչընդոտը։
2015 թվականի վերջին և ողջ 2016 թվականի ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտն անցել է կրիտիկական շրջանով, որի պատճառը տարածաշրջանի քաղաքական իրադարձություններն էին։
2016 թվականին օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ կրճատվել է 30 տոկոսով։
Նարինի խոսքով՝ սակայն զբոսաշրջային ոլորտն անցել է այդ ոչ դյուրին շրջանով՝ շնորհիվ իր ենթակառուցվածքի, որակավորված անձնակազմի և ճգնաժամերի դեմ պայքարելու ունակության։
Նա նշել է, որ ոլորտում առկա ճգնաժամի հետևանքների վերացման գործում առանձնահատուկ դեր են խաղացել Թուրքիայի կառավարության կողմից ընդունված միջոցառումները։