Լաս Վեգասի օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները մեկնող ուղևորի ուղեբեռում սատկած պումա են հայտնաբերել: Այս մասին հայտնում է UPI-ը:
Կենդանու դիակը հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ին ճամպրուկներից մեկի ռենտգենյան ճառագայթման ժամանակ:
Ուղևորին և ուղեբեռը պահել են մինչև բոլոր հանգամանքները պարզելը: Տղամարդը հայտնել է, որ որս է արել Յուտա նահանգում և դրա համար բոլոր թույլտվությունները ստացել է կենդանիների վերահսկողության տեղի վարչությունից:
Տեղի ոստիկանությունում մամուլին հայտնել են, որ օրինական կերպով սպանված կենդանին արգելված չէ տեղափոխել ինքնաթիռով: Սակայն յուրաքանչյուր ավիաընկերություն իր հայեցողությամբ կարող է արգելել այդպիսի բեռի փոխադրումը:
Պարզաբանումներից հետո որսորդը, այնուամենայնիվ, նախընտրել է պուման փոստով տուն ուղարկել, ոչ թե ուղեբեռով տանել: