Թուրքիան Աբդուլլա Գյուլի կարիքն ունի։ Այս մասին հայտարարել է հայազգի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը։
Ինչպես հայտնում է թուրքական Demokrathaber կայքը՝ Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծողներից մեկը և լավ իրազեկված է երկրում գործերի դրությունից։
«Այն բանից հետո, երբ Գյուլը լքել է կուսակցությունը, այն շեղվել է հիմնական սկզբունքներից։ Այս պահին Թուրքիան Աբդուլլա Գյուլի կարիքն ունի, նա պետք է պատասխանատվություն ստանձնի»,-ասել է Փայլանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախկին նախագահը քննադատել էր իշխող կուսակցության քաղաքականությունը՝ նշելով, որ այն հղի է երկրի համար բազմաթիվ մարտահրավերներով։ Իշխանություններն իրենց հերթին հայտարարել են այն մասին, որ Գյուլը պարզապես նախընտրական քայլ է անում։