«Վինար» ընկերությունն ամբողջությամբ կմարի 2015թ. խաղողի մթերման դիմաց գյուղացիների 34 միլիոն դրամի պարտքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Վինար» ընկերությունը 2015թ. խաղողի մթերման դիմաց Արարատի և Արմավիրի մարզի շուրջ 20 գյուղերի բնակիչների դեռ պարտք է ընդհանուր առմամբ 34 միլիոն դրամ: Այդ գումարները դեռ չեն վճարվել, սակայն խնդիրը մշտապես գտնվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, գյուղատնտեսության նախարարի ուշադրության կենտրոնում, և դեկտեմբերի 30-ին ընկերությունն ամբողջությամբ կմարի պարտքը»,- ասաց Մակարյանը:
Նա նաև հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունն այս պահին աշխատում է մարզպետարանների հետ, որպեսզի բոլոր գյուղացիները, ում ընկերությունը պարտք ունի, իրազեկվեն և գան իրենց գումարները ստանալու: Պարտքի մարման գործընթացին ներկա կլինեն մարզպետարանների և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: