Մինչ մերձբալթյան երկրները գնում էին լյուստրացիայի ճանապսրհով` նոր իշխանությունները հեռու պահելով սովետական նոմենկլատուրայի քաղաքական և կադրային ժառանգությունից, 1990-ի օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԿԿ թեկնածու Վլադիմիր Մովսիսյանի հանդեպ հաղթանակ տարավ միայն չորրորդ քվեարկության արդյունքում, ընդ որում` կոմկուսի գծից շեղված մի քանի պատգամավորների աջակցությամբ: Այդ աջակցության դիմաց` ՀԿԿ Կենտկոմի անդամ Գագիկ Հարությունյանը դարձավ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ: Այս փաստը շատերը համարում են ՀՀՇ-ի «ուրացման» առաջին ակտը, որովհետև իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը պայմանավորված էր փողոցի աննախադեպ աջակցությամբ, սակայն նոր իշխանությունը կոմպրոմիսի գնաց կուսնոմենկլատուրայի մի հատվածի հետ:
Ժամանակը ցույց տվեց, որ կոմֆորմիզմը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության հիմնական հատկանիշներից մեկն է: 1995-ին Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը կոմպրոմիսի գնաց նոմենկլատուրայի հետ` Սահմանադրությունն ընդունելու նպատակով: Հենց այդ ժամանակ էլ` քաղաքական, տնտեսական բարեփոխումներն իրենց տեղը զիջեցին պետական կապիտալիզմին: Նույն քաղաքական կոմֆորմիզմը հանգեցրեց 1996-ի նախագահական ընտրություններին հաջորդած իշխանության ճգնաժամին, ինչը հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջմանը, որի հետևանքով տեղի ունեցավ ոչ միայն հրաժարում 88-ին արժեքներից, այլ նաև` օտարում Երրորդ հսնրապետությունից:
Սակայն վերադառնանք 1990թ-ի հայտնի օրերը, երբ Տեր-Պետրոսյանի թիմն ալյանսի գնաց կուսնոմենկլատուրայց վերջին պահին պոկված բեկորի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի մտածված կամ սիտուատիվ քայլի հետևանքով Գագիկ Հարությունյանը դարձավ Երրորդ հանրապետության ամենաառանցքային գործիչը` խորհրդանշելով համազգային շարժման իդեալների ուրացման փաստը: Գագիկ Հարությունյանի ֆենոմենը բացահայտում է, որ Տեր-Պետրոսյանի իշխանության արդեն արշալույսին Հայաստանի քաղաքական կյանքում երկրորդ պլան մղվեցին գաղափարներն ու իդեալները: Անցած երեսուն տարիներին Գագիկ Հարությունյանի համակարգային կենսունակությունը բացահայտում է 88-ի շարժման արժեքների ինստիտուցիոնալ չկայացվածությունը:
Շարժման տղերքը նոմենկլատուրայի հետ դաշինք կազմեցին իրենց իշխանության հենց առաջին օրերին` խլացնելով փողոցից տակավին լսվող «Պայքար, պայքար մինչև վերջ»-ը: