Վերահսկիչ պալատի 2009 թ. տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում նկատեց, թե այդ քննարկումը վերաբերում էր «սպիտակ ձեռնոցներով պետական բյուջեից գողություն կատարած անձանց», եւ հաշվետվությունը պարզապես առիթ էր գողերին անդրադառնալու համար:
«Վերականգնված եւ բացահայտված գումարի չափը կազմում է մոտ 7 մլրդ 700 միլիոն դրամ: Եթե համեմատություն կատարենք, կարող ենք ասել, որ ուսումնասիրվել է պետբյուջեի 10 տոկոսը: Այսինքն` եթե ուսումնասիրվեր ամբողջ բյուջեն, հիմքեր կան ասելու, որ բյուջեից գողացված միջոցները կկազմեին 200-250 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Դալլաքյանը եւ առաջարկեց գողերին պատժել հրապարակայնորեն: Ըստ նրա` հաջորդ ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ պետք է ԱԺ հրավիրվեն նաեւ գլխավոր դատախազը, վարչապետը, ինչպես նաեւ այն նախարարները, որոնց նախարարություններում ստուգումներ են իրականացվել ու չարաշահումներ արձանագրվել: «Եթե կա գող նախարար, թող հենց այստեղից էլ նրան տանեն մեկուսարան»,- ավելացրեց պատգամավորը: