Կառավարությունը հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի նախաորակավորված մասնակիցների ցանկը և հավանություն տվեց գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին:
«Պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվելիք ծրագիրը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» համաձայնագրի շրջանակում։ Հրապարակած նախաորակավորման ընթացակարգի հայտարարության արդյունքում հայտատու 20 մասնակցից ընտրվել է նախաորակավորման պահանջներին բավարարող 10 մասնակից: Վերջիններիս նախատեսվում է ուղարկել մրցութային փաստաթղթերը՝ մրցութային հայտեր ստանալու նպատակով»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Ծրագրի միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներից են օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի գրավչության մեծացումը, Հայաստանում էլեկտրաէներգիայի ռեսուրսների բազմազանեցումը, ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդումը։