Ամերիկյան Apple կորպորացիան ծրագրում է օգտատերերին տրամադրել հնարավորություն՝ օգտագործելու հավելվածների մեկ փաթեթ, որը կլինի հավասարապես կիրառելի իր արտադրանքների՝ iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար։ Հարցին ծանոթ աղբյուրների խոսքով՝ հաջորդ տարի ծրագրային ապահովման գծով փորձագետները կարող են ստեղծել միասնական հավելված։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հավելվածների միավորումը կօգնի iOS և MacOS օպերացիոն հարթակներին զարգանալ որպես մեկ միասնություն։ Այդպես է կարծում հավելվածներ մշակող Ստիվեն Թրոթոն-Սմիթը։
Ավելի վաղ ընկերությունը հրապարակել էր չորրորդ եռամսյակային հաշվետվությունը։ Եկամտի աճը կազմել է 12 տոկոս՝ հասնելով 52.6 մլրդ դոլարի, զուտ շահույթը 19 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 10.7 մլրդ դոլարի։ Ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերը 3.5 տոկոսի աճ են գրանցել, իսկ ընկերության կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 900 մլրդ դոլարը։