Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: Դեսպանն այս մասին հայտարարեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հայ-ամերիկյան գործընկերության եւ բարեկամության 25-րդ հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, և մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները: Հենց վերջերս մենք տվյալներ են ունեցել առ այն, որ վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առևտրի ծավալներն աճել են 35 տոկոսով: Առեւտուրը հնարավորություն է ստեղծում թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, ստեղծում է նաև աշխատատեղեր: Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են կես մլրդ դոլար, և ես հավատացած եմ, որ ներդրումներն աճելու են»,- ասաց Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ հարաբերությունները միշտ կարելի է առավել ամրապնդել մի շարք ոլորտներում, օրինակ՝ ռազմական համագործակցության: