Իրանի իշխանությունները երկրի նախկին փոխնախագահ Համիդ Ռեզա Բաքայիին դատապարտել են 63 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների հետ կապված չարաշահումների համար։
«Ցանկանում եմ տեղեկացնել Իրանի թանկագին ժողովրդին, որ պարոն Սադեկ Լարիջանին՝ Իրանի դատական իշխանության ղեկավարը, դատապարտել է ինձ 63 տարվա բանտարկության»,-գրել է Բաքային Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ դատական իշխանություններն իրեն մեղադրում են 63 բանկային հաշիվների բացման, ինչպես նաև խոշոր չափի պետական միջոցների մսխման մեջ։ Նախկին փոխնախագահը, անվանելով մեղադրանքները դատարկ, հավելել է, որ իրեն դատապարտել են օրենսդրության բազմաթիվ խախտումներով։
Բաքային փոխնախագահ է եղել Մահմուդ Ահմադինեժադի օրոք, ով պաշտոնավարել է 2 ժամկետ անընդմեջ՝ 2005-2013 թթ։
Ահմադինեժադն ավելի վաղ իր կայքում զետեղել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, մեղադրել էր Սադեկ Ամոլի Լարիջանիին անհամապատասխանության և օրենքները խախտելու մեջ՝ կոչ անելով լքել պաշտոնը։