Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է կայացնել սեփական որոշումները՝ որպես ինքնիշխան պետություն: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը:
«Հայաստանն առաջին երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ լինելով` միաժամանակ նաև շատ ավելի խոր հարաբերություններ է ձևավորում Եվրամիության հետ: Մենք որևէ հակասություն չենք տեսնում մեկը մյուսի հետ: Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ կարող է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան երկիր` շատ հստակ կերպով ձևակերպած ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքների շրջանակը, միաժամանակ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, և այս առումով Հայաստանն իսկապես ուժի դիրքում է հայտնվում: Մենք այսպես ենք տեսնում իրավիճակը, և հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանին աշխարհագրական դիրքով մոտ են կանգնած, կկարողանան օգնել ճանապարհորդության այս վեկտորին և այս գործընթացին»,-եզրափակեց նա: