ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնել են Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Էստոնիայի կենտրոնի կողմից «Տեղական ինքնակառավարման կառուցվածքը և բարեփոխումը» թեմայի շրջանակում կազմակերպված այցին:
Պատվիրակության կազմում են նախարարության ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը, վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:
Եռօրյա այցի ընթացքում տեղի են ունենալու հանդիպումներ Էստոնիայի Հանրապետության կառավարության, քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի և Էստոնիայի միջև ծավալված համագործակցության արդյունքում իրականացված և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ համայնքային ծառայությանը, վարչատարածքային բարեփոխումներին վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Սեպտեմբեր ամսին Հայաստանում էր Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Տոմաս Ստեպի գլխավորած պատվիրակությունը և նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել էր համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, ինչը միտված է համայնքային ծառայությունն ամրապնդելուն և կայացնելուն: