Թուրքիայի Բուրսա քաղաքի Ուլուտաղ համալսարանում Հայաստանի և Ադրբեջանի դրոշների հարցով մեծ աղմուկ է բարձրացել: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Նոր Յառաջ»-ը:
Ինչպես հայտարարել են համալսարանի ադրբեջանցի ուսանողները, դեկտեմբերի 5-ին նկատել են, որ ադրբեջանական դրոշը բացակայում է համալսարանի առջևից: Համալսարանից նրանց բացատրել են, որ դրոշները նորոգվում են և մեկ շաբաթից նոր դրոշ կզետեղվի:
Մեկ շաբաթ անց ադրբեջանցի ուսանողները, նկատելով, որ դեռ իրենց երկրի դրոշը չկա, համալսարանի ղեկավարությանը հայտնել են, որ ուզում են իրենց ուժերով պարզել Ադրբեջանի դրոշը: Սակայն դրոշների հարցերի պատասխանատու, իսլամի պատմության դասախոս, պրոֆեսոր Սալիհ Փայը ադրբեջանցի ուսանողներին ասել է, որ մի քանի օր առաջ անհետացել է Հայաստանի դրոշը, կասկածները կենտրոնանում են նրանց՝ ադրբեջանցիների վրա, և եթե վերադարձնեն Հայաստանի դրոշը, պրոֆեսորը կկախի նաև Ադրբեջանի դրոշը:
Ադրբեջանցիները հաջորդ օրը որոշել են գնալ համալսարան և անձամբ կախել իրենց երկրի դրոշը, սակայն նրանք շատ են զարմացել՝ տեսնելով մեծ թվով ոստիկանական կառքեր համալսարանի բակում: Ադրբեջանցի ուսանողները ստիպված են եղել իրենց բողոքն արտահայտել համալսարանից դուրս:
Այս թեման մեծ արձագանք է գտել հատկապես ադրբեջանական մամուլում։