ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՀՄՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն ավելի կընդլայնվի: Վահան Մարտիրոսյանը կարևորել է որպես ՀՄՄ անդամ-պետություն Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր:
Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: