«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը, որն այսօր հարցաքննվում էր դատարանում, հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքների տակ ստորագրել է՝ առանց կարդալու:
Գրիգորյանը պատճառաբանեց, որ իրենց առանձնապես չի հետաքրքրել Հովհաննեսի դրդապատճառը. «Ինքը նկարիչ է: Լուսադեմ էր, մտածեցի՝ ինչ-որ սիրուն տեսարան է ուզում նայի: Ասե՞մ ճիշտը՝ հետը գնացի, որ շները չուտեն: Թե իր ինչին էլ պետք գնալը, ես չգիտեմ»: Մեղադրյալի անմիջական պատասխանը դահլիճում ծիծաղ առաջացրեց: Ապա Գալուստ Գրիգորյանը խոստովանեց՝ քննիչի հետ մտերմիկ մթնոլորտում է եղել, այդ պատճառով էլ ցուցմունքն առանց կարդալու է ստորագրել: