Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկից ակնկալում է տնտեսական ակտիվություն, ապրանքների, ֆինանսական հոսքերի աճ: «Անկասկած «Մեղրի» ԱՏԳ-ի գործունեությունը տնտեսական զարգացման կարևոր հանգամանք կարող է լինել: Ակնկալում ենք, որ այստեղ կստեղծվեն 1500-2000 նոր աշխատատեղեր: Բացի հայկական և իրանական ընկերություններից մարզպետարանի միջոցով ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածություն են ներկայացրել ուկրաինական, վրացական, բելառուսական ընկերություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ»,- ազատ տնտեսական գոտու բացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
Վահե Հակոբյանի համոզմամբ` «Մեղրի» ԱՏԳ-ն կարող է տնտեսական լայն համագործակցության կամուրջ հանդիսանալ: Պաշտոնյան տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Կապան է ժամանելու իրանական մեծ պատվիրակություն տեղում առևտրային գրասենյակ բացելու նպատակով: Նա հույս հայտնեց, որ նույն օրը կտրվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղու մեկնարկը: