ԱՄՆ քաղաքացու՝ Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ԱՄՆ դեսպանատունը իրականացվող հետաքննության հարցում գործակցում է Երևանի հետ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: Նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին նախօրեին հայտարարել էր ԱԱԾ-ն՝ դրա համար մեղադրելով ԱՄՆ քաղաքացու և հայտնելով, որ այդ մասին տվյալները ներկայացրել են ԱՄՆ իրավապահներին:
Այդպիսով, ըստ էության ստացվում է Հայաստանի ԱԱԾ-ի և ԱՄՆ իրավապահների գործակցության բավականին ուշագրավ դրվագ՝ կապված Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու բացահայտված գործի հետ: Գործի առավել մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն այդօրինակ գործերը սովորաբար ունեն բավականին լայն առաձգականություն կամ նման են կծիկի, որը կարող է շատ երկար քանդվել: Ավելին, կա նաև այդ կծիկի թելով ինչ-որ բան հյուսելու, այլ կերպ ասած՝ ստեղծագործելու հնարավորություն: Սովորաբար այդ «ստեղծագործությունը» ընկալվում է որպես «գործ սարքել»՝ քաղաքական նկատառումներով, սակայն իրականում խնդիրը պետք է դիտարկել նաև ավելի լայն համատեքստում: Այսինքն՝ «ստեղծագործությունն» այդ դեպքում կարող է ենթադրել նաև առաջին հայացքից գուցե տարօրինակ թվացող կամ հնչող, սակայն անվտանգության սպառնալիքների հարցում հայ-ամերիկյան գործակցության յուրօրինակ, այսպես ասած, խողովակի կամ հարթակի ձևավորում:
Ահաբեկչության կանխարգելման կամ բացահայտման մասին ԱԱԾ հայտարարությունից հետո իրավիճակը ուշագրավ է նաև հենց այս մասով և ոչ միայն բուն հանցավոր մտադրությունների, դրանց շրջանակի և, այսպես ասած, գործի ներքաղաքական ազդեցության:
Ի վերջո, ԱՄՆ ներգրավվածությունն ըստ էության ցուցիչ է, որ այստեղ լոկ ներիշխանական կամ ներքաղաքական ինտրիգներ չէ, որ հանգուցալուծվելու են, այլապես, մեղմ ասած, հազիվ թե ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեր հետաքննության հարցում Հայաստանի հետ գործակցության մասին: Այսինքն՝ Վաշինգտոնի արձագանքը, անգամ ներկայիս հակիրճ արձագանքը, կլիներ բոլորովին այլ բառակազմության, եթե խնդիրը վերաբերեր զուտ ներքաղաքական կամ ներիշխանական ինտրիգներին:
Այս իմաստով իրավիճակն ունի արձանագրման անհրաժեշտություն՝ հետագա զարգացումներին ուշադրությամբ հետևելու համար, որովհետև դրանք կարող են արտացոլում ունենալ միանգամայն անսպասելի հարթություններում՝ առանց ԱԱԾ բացահայտած գործի հետ ուղիղ առնչության, այլ հայ-ամերիկյան գործակցությամբ պայմանավորված՝ կապված նաև Հայաստանի իշխանության ձևավորման և վերաձևավորման գործընթացի հետ:
Ակնհայտ է, որ այստեղ խնդիրը լոկ ներիշխանական ստատուս քվոն չէ, և Հայաստանը համակարգային տրանսֆորմացիայի է ենթարկվում աշխարհաքաղաքական տրամաբանության կոնտեքստում: Եվ այս իմաստով անշուշտ հետաքրքրական է հայ-ամերիկյան հարաբերության նոր գծի ձևավորումը: