Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի նորանշանակ պատվիրակության ղեկավար Մաքս Սանթների (նստավայրը՝ Թբիլիսի) գլխավորած պատվիրակությանը: Այս մասինտեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը կարևորեց պատվիրակության այցը Հայաստանում Ֆեդերացիայի գործունեության վերսկսման համատեքստում, որն իր մեջ ներառում է բնական աղետների կառավարում, դրանց հետևանքների վերացում, համաճարակների վերահսկում ու կանխարգելում և այլն:
Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները սերտ համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, և հույս հայտնեց, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիայի Հարավային Կովկասի գրասենյակի վերաբացումը կնպաստի այդ համագործակցության առավել ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաքս Սանթները արտաքին գործերի նախարարի տեղակալին մանրամասն ներկայացրեց գրասենյակի առաքելությունը և գործառույթները: