Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում գտնվող գրասենյակից անտունն ավելի քան 300 000 եվրո կանխիկ գումար է գողացել: Այս մասին հայտնում է Parisien թերթը:
Նշվում է, որ 50-ամյա անտունը կարողացել է առանց խոչընդոտի հասնել ընկերության գրասենյակ, որը կանխիկ գումար է հավաքում օդանավակայանի խանութներից և սպասարկում է բանկոմատները: Պարզվել է՝ տարածքի դուռը, որտեղ պահվել է այդքան մեծ գումարը, փակ չի եղել, հանցագործն օգտվել է դրանից: Օդանավակայանի հսկող տեսախցիկներն արձանագրել են, թե անտունն ինչպես է երկու պարկ փողով դուրս եկել գրասենյակից:
Իրավապահները որոնում են կողոպտիչին, ստուգում են ընկերության աշխատակիցներին, ովքեր չեն փակել գրասենյակի դուռը: