Մուսուլմանական բոլոր ազգերը պետք է միավորվեն և պաշտպանեն պաղեստինցիների իրավունքները՝ վիճելի քաղաքական պատկանելիություն ունեցող Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է Reuters գործակալությունը։
Ելույթ ունենալով Ստամբուլում մուսուլման առաջնորդների արտակարգ հանդիպմանը՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի որոշումը խոսում է «պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների հանդեպ հարգանքի դեֆիցիտի» մասին։
«Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր մուսուլմանական երկրների հետ առանց նախապայմանների՝ պաշտպանելու պաղեստինցիների իրավունքները։ Մեր երկրների համախմբվածությունը չափազանց կարևոր է, և ալ-Կուդսը (Երուսաղեմի արաբական անվանումն է) պետք է դառնա մեր գլխավոր առաջնահերթությունը»,-ասել է նա։
Իր թվիթերյան միկրոբլոգում Ռուհանին հավելել է, որ Թրամփի որոշումը ցույց է տալիս՝ Վաշինգտոնն անազնիվ միջնորդ է։