Սերժ Սարգսյանը Հայաստանին ու Հայաստանի տնտեսությանը վերաբերող հերթական շոկային հայտարարությունն է արել: Անցած շաբաթվա վերջին Դիլիջանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի: Հասկանալու համար, թե սա ինչ թիվ է, նշենք, որ 2016թ. այդ ցուցանիշը եղել է ընդամենը 3500 դոլարից մի փոքր ավելի: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո Ս.Սարգսյանի նշած 5 տոկոս տնտեսական աճն այս տարի ընդամենը մեկ-երկու հարյուր դոլարով է ավելացրել այդ ցուցանիշը: Եվ եթե կառավարությունն ու Ս. Սարգսյանը ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար 5 տոկոսանոց զարգացման շեմ են վերցրել, ապա այդ 10.000 դոլարին մենք կկարողանանք հասնել ոչ թե մի քանի տարի, այլ մի քանի տասնամյակ հետո:
Տնտեսական աճ ունենալու համար ներդրումներ են անհրաժեշտ, մինչդեռ այս տարի վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները, գոնե մասնավորի կողմից, ոչ միայն չեն ավելանում, այլև ԱՎԾ հրապարակումները ցույց են տալիս, որ Հայաստանից կապիտալի արտահոսք կա: Իսկ այս տարվա համար կառավարության ու ԱՎԾ-ի ներկայացրած 5 տոկոսանոց տնտեսական աճը բնակչության կենսամակարդակի վրա գրեթե դրական ազդեցություն չի թողել, ուր մնաց, թե մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն ավելացնի: Չէ որ նույն այդ գերատեսչության վերջին հրապարակման արդյունքում մեր երկրում աղքատությունը գրեթե չի նվազում, 2016թ. այն 29․4 տոկոս է եղել: Ավելին, շատերը չեն հավատում 5 տոկոս աճի այդ ցուցանիշին: Օրինակ՝ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ՝ 5 տոկոսանոց տնտեսական աճ ունենալու համար անհրաժեշտ է տարեկան 1․5-2 մլրդ դոլարի ներդրում: Իսկ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի համոզմամբ՝ ՀՀ-ում 5-7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան ՀՆԱ-ի ¼-ի՝ 2-2․5 մլրդ դոլարի չափով ներդրում: Մինչդեռ ՀՀ-ում աճ կա, բայց ներդրում չկա: Նաև այդ պատճառով էլ աճին վերաբերող այդ և նման այլ թվերը հավատ չեն ներշնչում:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ անդրադառնալով Ս. Սարգսյանի այդ կանխատեսմանը՝ նշել էր, թե նրա կողմից հրապարակված որևէ ցուցանիշ ես միշտ ընդունում եմ որպես հանրապետության նախագահի կողմից տրվող ցուցում, ինչը նշանակում է, որ պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք և ջանքեր գործադրենք դրա համար: Նույն Վ. Արամյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե 2018թ. Հայաստանում ՀՆԱ-ի աճը լինելու է 4.7 տոկոս, 2019-ին՝ 5.4 տոկոս, 2020-ին՝ 5.7 տոկոս: Այսինքն՝ Վ. Արամյանի ու Ս. Սարգսյանի հայտարարությունները ավելի քան կրկնակի չափով տարբերություն ունեն: 2020թ. արդեն մի քանի տարի հետո է, և նրանցից մեկի կանխատեսումը մեղմ ասած՝ սխալ է: Ի դեպ, Վ. Արամյանն իր այդ կանխատեսման ժամանակ նաև հավելել էր, թե 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մենք կունենանք 4 հազար 700 դոլարի սահմաններում, սակայն այն պայմաններում, եթե փոխարժեքի փոփոխություններ տեղի չունենան:
Այս վերջինն արդեն բավականին հետաքրքիր դիտարկում էր: Եվ բոլորովին էլ չի բացառվում, որ 1 շնչին ընկնող 10.000 դոլարի ՀՆԱ ապահովելու համար իշխանությունները գուցե դոլարը կտրուկ արժեզրկեն: Հատկապես, որ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ներկա էր նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Եվ եթե իշխանությունները 2000-ականների օրինակով դոլարը կտրուկ արժեզրկեն մինչև 280-300 դրամ, ապա մեր ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ միանգամից կբարձրանա մինչև 7000-8000 դոլարի, ու կարճ ժամանակ հետո ԱՎԾ-ն կստանա Ս. Սարգսյանի ասած թիվը: Հակառակ պարագայում մի փոքր դժվար է հավատալ, որ ՀՀ-ում այնպիսի տնտեսական աճ կլինի, որ դա կբերի 1 շնչին ընկնող 10.000 դոլար ՀՆԱ-ի: Այս կանխատեսումների շուրջ էլ զրուցեցինք Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
– Պարոն Մակարյան, այդ ի՞նչ տնտեսական բում պետք է տեղի ունենա Հայաստոնում, որ 1 շնչին հասնող ՀՆԱ-ն 2․5 անգամ ավելանա:
– Եթե մեր բնակչությունը դառնա 2 մլն-ի չափ, ապա այդ ցուցանիշը միանգամից կարող է 4․5 հազար դոլար դառնալ: Բայց դա իրական ՀՆԱ չի: Այսինքն՝ անձը ոչ թե իր վրա կզգա այդ տնտեսական փոփոխությունը, այլ դա զուտ թվաբանություն կլինի: Բայց քանի որ Ս. Սարգսյանն ասել է, որ բնակչությունը պետք է ավելանա, այդ ցուցանիշը պետք է տնտեսական աճի շնորհիվ ավելանա:
– Բայց մեր տնտեսությունը մի քանի տարում կարո՞ղ է նման աճ գրանցել: Մի կողմ դնենք հարցը, որ այդ հայտարարությունը Ս. Սարգսյանն է արել:
– Եթե կառավարությունն ասում է, որ 5 տարում միջինը 5 տոկոս աճ պետք է լինի, մոտ 10 տարվա կտրվածքով 30-35 մլրդ դոլարի ՀՆԱ-ի կհասնենք, ինչը կբերի 1 շնչին հասնող անգամ ավելի բարձր ՀՆԱ-ի: Բայց դրա համար էլ պետք է կաշկանդումներից ազատենք բիզնեսը, տնտեսությունը: Կրթությունը զարգացնենք, քանի որ դա այսօր ՀՀ ամենաթույլ օղակն է: Գործատուները դիպլոմներին այլևս ուշադրություն չեն դարձնում և իրենք են իրենց աշխատողներին կրթում: Ես հաշվել եմ, որ գործատուն տարվա կտրվածքով 3-4 մլն դոլար այդտեղ է կորցնում 10.000 երիտասարդ վերապատրաստելու համար: Իսկ օտարերկրյա ներդրողի համար կարևոր են երեք հիմնական հանգամանքներ՝ վստահ լինել, որ դատական համակարգը կպաշտպանի իր շահերը, որակյալ աշխատուժ և բավարար շուկա:
– Այս տարի մոտ 5 տոկոս տնտեսական աճ կա, բայց անցած տարվա համեմատ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ընդամենը մի երկու հարյուր դոլարով է ավելացել:
– Դրա համար էլ ասում ենք, որ ՀՀ համար 4-5 տոկոսը շատ քիչ է, աճը պետք է երկնիշ լինի, որ էֆեկտը քաղաքացին ու տնտեսությունը զգան: Մենք պետք է 30-40 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, որից հետո 5 տոկոսը նոր երևացող կլինի:
– Իսկ հնարավո՞ր է իշխանությունները դոլարն արժեզրկեն, որ ստանան Ս. Սարգսյանի ասած թիվը: Չէ որ նման տնտեսական աճ ապահովելը դժվար է:
– Չեն համարձակվի, քանի որ սա կխանգարի արտահանմանը: Կառավարությունը ստանձնել է, որ 5 տարում արտահանումը պետք է հասցնի ՀՆԱ-ի 40-45 տոկոսին: Իսկ դոլարի արժեզրկումը դա խոչընդոտելու ամենավնասակար գործիքն է: Այդ խաղերը ժամանակին տվեց Տիգրան Սարգսյանը, երբ դոլարը մինչև 290 դրամի հասավ, ու արտահանումը խիստ տուժեց: Մենք այն ժամանակ մեքենաշինության, կաղապարների, մետաղամշակման ոլորտներում յուրահատուկ ընկերություններ ունեինք, որոնք Գերմանիա, Հոլանդիա և այլ երկրներ արտահանում ունեին: Դրանք, բառիս բուն իմաստով, սկեցին: Եվ դրանից ներմուծողները ոգևորվեցին: Բայց ՀՀ տնտեսությունն այսքան չպետք է ներմուծումից կախված լինի, ինչը կոչնչացնի արտադրությունը:
– Գուցե Ս.Սարգսյանի հայտարարությունը մի քիչ չափազանցվա՞ծ է:
– Եթե մենք ունենանք 26 մլրդ դոլար ՀՆԱ, և բնակչությունը լինի 2․6 մլն, կունենանք 10.000:
– Բայց մենք դա ե՞րբ կունենանք, հիմա ՀՀ ՀՆԱ-ն հազիվ 10․5 մլրդ դոլար է:
– Այդ 5 տոկոսների դինամիկան դրան կբերի, եթե որևէ ֆորս մաժոր չլինի:
– Հավանաբար նաև պետք է զսպել բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսը և ազատ մրցակցային դաշտ ստեղծեն:
– Կարծում եմ, որ մի քիչ զսպել են, մոտեցումները փոխվել են, հասկանալի է դարձել, որ այսպես չի կարող շարունակվել: Տարբեր օղակներում կատարվող փոփոխությունները դա են ապացուցում: Պրոցես կա:
– ՀՆԱ-ն զարգացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ, մինչդեռ ոչ միայն ներդրումներ չեն լինում, այլև կապիտալն է գնում: Վերջերս հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը շքեղ հյուրանոց է բացել Լատվիայում: Տեղեկություններ են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը, Վարդան Այվազյանը և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես ներդրումներ են անում այլ երկրներում:
– Ներքին ներդրողի համար ամենակարևոր խթանն այնն է, որ նրանց սեփականության իրավունքը լինի պաշտպանված: Չպետք է լինեն ոչ պաշտոնական ճանապարհներով բիզնես խլելու, բիզնեսի մեջ փայ մտնելու, իսկ պաշտոնական ճանապարհով էլ դատական համակարգի սխալ որոշումների արդյունքում բիզնեսի տեր դառնալու երևույթները: Երկրորդ խնդիրը գործարար միջավայրն է, որտեղ եթե կա անհավասար մրցակցություն, ստվերի, կոռուպցիայի ճանապարհով դիրքավորումներ, պետական գնումներում մարդկանց նեղ խմբի մասնակցություն, ապա տեղական բիզնեսը կարող է երես թեքել, հիասթափվել ու մտածել, որ մեր երկրում իր հնարավորությունները թույլ են: Բայց դրան զուգահեռ կան ակնհայտ թափանցիկ արված ներդրումներ: Նույն Գ. Ծառուկյանի ներդրումը Բելառուսում բավականին համակրանք առաջացրեց մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ, և քաղաքական մակարդակով որոշակի հարաբերություններ ջերմացան Բելառուսի նախագահի հետ: Նույն կերպ նաև Լատվիայում նրա հյուրանոցի բացումը, երբ Մերձբալթյան երկրները նմանը չունեն: Մենք պետք է դիտարկենք, որ այս դեպքում հայ ներդրողի և ՀՀ անունն է շոշափվում, ինչը դրական վերաբերմունք է առաջացնում: Մարդիկ կան, այստեղ հեռանկարներ չտեսնելով, իրենց գումարները դուրս են հանում, և մարդիկ կան՝ իրենց ներդրումներով ՀՀ շուրջ ստեղծում են ջերմ հարաբերություններ: Գ. Ծառուկյանի դեպքը երկրորդն է:
Իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նույն սփյուռքահայերը կցանկանան այստեղ ներդրումներ անել, բայց պետք է համոզված լինեն, որ այստեղ իրենց չեն խաբելու: Սփյուռքում ի վնաս ՀՀ-ի կան բազմաթիվ նման խոսակցություններ: Կան գործարարներ, որոնք դրսում բիզնես դնելուն զուգահեռ նույնը պահպանում են Հայաստանում: Դա շատ հայրենանվեր դրսևորում է: Բայց եթե մեր բիզնես միջավայրը շարունակի վատ լինել, մի օր ամբողջությամբ տեղափոխելու մասին կմտածեն: Այս՝ օլիգարխիկ, կոռումպացված, ծանոթների, քաղաքական կուսակցությունների կամ պատգամավորական մանդատի ներքո իրենց շահերը պաշտպանելու երևույթից պետք է հեռանանք: