ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը «զգալի անորոշություն» է առաջացնում Իրանի հետ կնքված համաձայնագրի ապագայի հետ կապված, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Իրանն իրագործում է միջուկային համաձայնագրի պայմանները, ասվում է գլխավոր քարտուղարի զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Գուտերեշն այնուամենայնիվ վստահություն է արտահայտել, որ Թրամփը կաջակցի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Թրամփը, ի տարբերություն մյուս առաջնորդների, հրաժարվում է ճանաչել, որ Թեհրանը պահպանում է համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր է տվել՝ Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերականգնման հարցով որոշում ընդունելու համար, որոնք չեղարկվել էին Բարաք Օբամայի կառավարման շրջանում։ Որոշման ընդունման ժամկետը լրանում է դեկտեմբերի 12-ին։