Լուրեր
Բաքուն կդիմի բլից-կրիգի, եթե հաջողության 70-80 տոկոս վստահություն ունենա. Իսկանդարյան
  • 20:30
  • 2017-12-11
  • Դիտումներ՝ *

«Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը Ղարաբաղի հետ որևէ առնչություն չունի։ Եթե դա ինչ-որ տեղ եղել է, պարտադիր չէ , որ լինի նաև մեկ այլ տարածաշրջանում։ Այդօրինակ խոսակցություններին պետք է հումորով վերաբերվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այն, որ միջազգային պարտավորությունները չեն պահպանվում Միացյալ Նահանգների կողմից, դեռևս հիմք չէ եզրակացնելու, որ նույն բանը կարող է կրկնվել Ղարաբաղյան ճակատում, և Բաքուն էլ, արհամարհելով այդ պարտավորությունները, նախահարձակ լինի բլից կրիգի: «Բլից-կրիգի համար անհրաժեշտ չէր, որ Երուսաղեմը ճանաչվեր Իսրայելի մայրաքաղաք, դրա համար անհրաժեշտ է Զինված ուժերի բալանս։ Եթե Ադրբեջանը ունակ լիներ բլից-կրիգի՝ կդիմեր, դա սկսում են, երբ կա հաջողության 70-80 տոկոս հավանականություն։ Բայց Ադրբեջանում այդ հնարավորությունը հավասար է զրոյի: Ես չեմ ասում, որ պատերազմի վերսկսումն է հավասար զրոյի, չնայած էլի քիչ է, բայց Ադրբեջանի համար միայն մեկ սցենար է հնարավոր։ Պետք է հարձակվեն, գրավեն Ղարաբաղը, մտնեն Հայաստան ու արտաքսեն ժողովրդին։ Մնացած բոլոր սցենարները Ադրբեջանին ձեռք չեն տալիս»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ քաղաքական ճանաչումները դեռ պատերազմի վերսկսման համար բավարար չեն, անհրաժեշտ են համապատասխան պայմաններ։

Արդյոք հնարավո՞ր է Թեհրան-Մոսկվա-Անկարա ձևաչափը փոխարինի Մինսկի խմբին նաև Ղարաբաղյան հարցում՝ Սիրիայում իրավիճակի հանդարտեցումից հետո, հարցին ի պատասխան Իսկանդարյանն ընդգծեց. «Աստված վկա՝ ես մեղավոր չեմ, որ աշխարհի տարբեր կետերում մարդիկ խոսում են ինչ-որ բաների մասին, որոնցից իրենք գլուխ չեն հանում։ Ո՛չ, Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի, կմնա այնպես, ինչպես կա։ Կան որոշակի գործիքներ, որոնք գուցե վատ են աշխատում, բայց դրանք են։ Այդ ֆորմատի փլուզումն ավելի շատ խնդիր կառաջացնի, դրա համար այն կմնա այն տեսքով, որով կա. կաշխատի՝ սահմանին ժամանակ առ ժամանակ առկա էսկալացիայի ֆոնին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *