Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարեւթյուններ հաստատել Ստեփանակերտի հետ։ «Արցախպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն ասել է.
«Ողջունում ենք Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ։
Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։ Երկկողմ կապերի հաստատումը մնում է մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ»։