«Ռուսաստանի դերը համաշխարհային սպորտում շատ մեծ է, բայց մենք տեսանք, որ այդ պետությունը փորձելով սպորտը վերածել PR-ի համար ինչ-որ մի ուղղության, սկսեց ընկնել արդյունքների հետևից՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով․ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին սպորտային ռուսական չինովնիկները դոպինգով զբաղվում էին, սակայն նման աննախադեպ մասշտաբների պետականորեն կազմակերպված խաբեբայություն, որը ընդհանրապես ստվեր է գցում համաշխարհային սպորտի վրա, նման բան, իրոք, չէր եղել։ ՄՕԿ-ի այս որոշումն որոշում է ոչ միայն ռուսական սպորտի նկատմամբ, այլև որպես պետություն Ռուսաստանի նկատմամբ և այստեղ, անշուշտ, կա նաև քաղաքական բաղադրիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայում անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիադայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի վերաբերյալ: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի ամբողջ երկիր հեռացվում է խաղերից:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ սա լուրջ հարված էր Ռուսաստանի իշխանությունների հեղինակությանը․ վերջին տարիներն ապացուցում են, որ Ռուսաստանը նման անազնիվ ճանապարհներով փորձում է հաջողության հասնել ոչ միայն սպորտում։
«Այս որոշումն ինչ-որ տեղ կորելացիա կա նաև սպասվելիք որոշման հետ, որի ականատեսը մենք կլինենք 2018թ-ի փետրվարի 1-ին։ Այդ օրը լրանում է ԱՄՆ-ի օրենքով սահմանված այն 6 ամիսը, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և ազգային հետախուզությունը պետք է համատեղ զեկույց ներկայացնեն ԱՄՆ-ի Կոնգրեսին, որով պետք է սահմանեն ռուսաստանյան այն սուբյեկտներին, որոնք մասնակցություն ունեն այն հանցավոր քաղաքականությանը, որը վարում է Ռուսաստանը և նրանք պետք է թիրախավորված պատժամիջոցների ենթարկվեն, ընդ որում դրա հիմքում կա նաև քրեաիրավական բաղադրիչը, քանի որ խոսք է գնում փողերի լվացման, կազմակերպված հանցավորության հետ աֆիլյացված լինելու մասին։ Հետևաբար, սա ունենալու է նաև ֆինանսական հետևանքներ, որովհետև այդ ակտիվները պետք է սառեցվեն, որը աննախադեպ հարված է հասցնելու Ռուսաստանին»,- ընդգծեց բանախոսը։
Վերջինս նկատեց նաև, որ ըստ վերոնշյալի, նախատեսվում են նաև երկրորդային պատժամիջոցներ , այսինքն՝ այն երրորդ սուբյեկտները, որոնք գործընկերային հարաբերություններ կունենան այդ պատժամիջոցների ենթակա սուբյեկտների հետ, ապա նրանք ևս ինքնաբերաբար կհայտնվեն պատժամիջոցների ներքո։ Իսկ սա արդեն իր հերթին, Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Հայաստանին շատ խորը մտածելու տեղիք է տալիս։
«Այս ամենից հետո Ռուսաստանի շահեր կոչվածը ընդհանրապես դուրս է դրվելու լեգիտիմ կատեգորիաների շարքից և դրանից հետո մեծ հարցականի տակ է , թե Հայաստանը ոնց է շարունակելու իր այսպես ասած՝ «կամուրջի քաղաքականությունը», այդ «և․․․և»-ի քաղաքականությունը․ հնարավոր չէ լինել կամուրջ քաղաքակիրթ աշխարհի ու հանցավոր բանդայի միջև, այսինքն դա դառնում է անհամատեղելի և Հայաստանի այդ քաղաքական շպագատը դառնալու է անհնարին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։