Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը, հայտնում է երևանյան թիմի պաշտոնական կայքը:
««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում:
Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում»,- ասված է «Ալաշկերտի» տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Աբրահամ Խաշմանյանի ծառայություններով հետաքրքրված է Կարագանդայի «Շախտյորը»: